Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը։
Ֆորումի լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա ՀՀ վարչապետը համաժողովի մասնակից մյուս երկրների կառավարությունների ղեկավարների հետ միասին ծանոթացել է թվային նախագծերի թանգարանում ներկայացված աշխատանքներին։
Թվային համաժողովի լիագումար նիստում ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Համավարակը չափազանց բարդ մարտահրավերներ է առաջացրել հասարակության, բիզնեսի և կառավարության համար: Ստիպված էինք լուծել դրանք կարանտինի կամ լիակատար լոք-դաունի (արգելափակման) պայմաններում:
Նման պայմաններում աշխատելու անհրաժեշտությունը բերեց ինչպես կառավարման նոր մշակույթի ներդրմանը, այնպես էլ թվային տեխնոլոգիաների և լուծումների լայն կիրառմանը: Ֆիզիկական շփման սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ վերջիններս դարձան առավելագույնս կարևոր և պահանջված գործնականում պետական կառավարման ողջ շղթայում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ:
Հայաստանում մենք կիրառել ենք թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները: Ցանկանում եմ նշել, որ համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում:
Մենք նախատեսում ենք պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։ Կառավարությունը խրախուսում է տնտեսության մասնավոր հատվածում թվային տեխնոլոգիաների կիրառումը խթանող էլեկտրոնային գործիքների օգտագործումը»։
Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանում թվայնացման ներկայիս գործընթացն իրականացվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի առկայությունը: Ստեղծվում է տվյալների բազաների միջև փոխգործողության հարթակ, որն օպտիմալացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացները և մեծ թվով հանրային ծառայությունների թվայնացումը: