ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կողմերին կոչ անում խուսափել իրավիճակի սրումից։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։
«Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համապատասխան Հայաստանի Սահմանադրությանը», – գրել է Լունգեսկուն։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանրահավաք, որին հաջորդել է երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել է ընդդիմության հանրահավաքը: