ԱԺ-ն քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ հոկտեմբերի առաջին կիրակին։
Իշխանական պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ են կատարվել. սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որոշել են տեղափոխվել հաջորդ ամիս։
«Ինչո՞ւ փոխեցինք՝ այդ օրը տեղափոխեցինք հոկտեմբերի առաջին կիրակի, որովհետև ամեն 7 տարին մեկ հնարավոր է, որ սեպտեմբերի 27-ի հետ համընկներ, և ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, չեն կարող սեպտեմբերի 27-ը նշել որպես տոն, մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»,- պարզաբանեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով Ռուստամ Բաքոյանն առաջարկել էր սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր: Հիմա պատգամավորը փոփոխություն է առաջարկում։