ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահի հետ սպասվող հանդիպմանը ձգտելու է նրա աջակցությունն ստանալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այս մասին հայտարարել է «Եվրասիական զարգացման փորձագիտական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։
Պրիտչինի խոսքով՝ Փաշինյանի վարկանիշը վերջին ամիսներին նվազել է, քանի որ հասարակության մի մասը բացասական է գնահատել Արցախի շուրջ բանակցությունների արդյունքները և հայկական իշխանությունների այն մոտեցումը, որը եղել է հակամարտության շրջանակներում:
«Կա կայուն ընտրազանգված, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բայց նրանց թիվը նվազել է՝ 2018-ի ընտրությունների հետ համեմատած, երբ Փաշինյանը եկավ իշխանության», – ընդգծել է փորձագետը։
Ստանիսլավ Պրիտչինի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, ընտրությունների արդյունքում Փաշինյանը կմնա ղեկին, եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա:
Պրիտչինը, անդրադառնալով հանդիպման օրակարգին, նշել է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն նաև նոր իրավիճակում ռուս-հայկական համագործակցությունն առավել սերտացնելու հնարավորությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն ապրիլի 7-ին Մոսկվայում, կքննարկեն Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ Հայաստանում կայանալիք ընտրությունները: