Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ՀՀ կառավարության կողմից Արցախի կառավարությանը հատկացվելիք միջպետական վարկից տարեկան մինչև 10 մլրդ ՀՀ դրամ կհատկացվի՝ 10 տարի շարունակ Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունները սպասարկելու համար։
Բավարար ֆինանսական միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ է աջակցել Արցախի կառավարությանը։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա։
Արցախի կառավարության կողմից ընդունված 2 ծրագրերի շրջանակում նախատեսվում է գույքային վնասի փոխհատուցում ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, որոնք կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության գույք, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, տնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, պտղատու այգիներ։ Մինչև 5 մլն դրամը կտրամադրվի միանվագ, մյուս 5-ը՝ մուրհակի տեսքով։
«Արցախում նախկինում լքված և կիսակառույց տների շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչի շնորհիվ տունը կորցրած 300 արցախցի ընտանիք վերադարձել է հայրենիք ու բնակություն հաստատել նորաշեն տներում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ կառավարության մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ 4,067,376.7 հազար դրամ է ուղղվելու Արցախի բնակչության կողմից սպառած գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։
Ինչպես հիշեցրեց նախարարը՝ 2021 թվականի հունվարից Արցախում իրականացվում է աշխատանքային խթանման ծրագիր: Խոսքը ոչ պետական հատվածի աշխատողների եկամտահարկի վերադարձման մասին է: Հունվար-փետրվար ամիսներին այդ ձեռնարկություններն արդեն ստացել են 420 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցում:Ծրագիրը կշարունակվի ըստ անհրաժեշտության:
«Մարտին Արցախի մասնավոր հատվածում զբաղվածների թիվն ավելացավ 600 մարդով, ինչը լավ ցուցանիշ է»,- ընդգծեց նա: