«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական։ Երկարաձգումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական բաժնի հարցման:
Պետքարտուղարի խոսնակի խոսքով՝ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին է տրամադրել ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն, այդ թվում ՝ ավելի քան 6 միլիոն դոլարի օժանդակություն COVID- ի դեմ պայքարի համար և մոտ 10 միլիոն դոլարի ուղիղ օգնություն:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 կոնգրեսականներ երկու կուսակցություններից դիմել են Ներկայացուցիչների պալատի հատկացումների գծով հանձնաժողովին` կոչ անելով Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության խողովակներով տրամադրել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն: Այս փաթեթը ներառում է օժանդակություն Հայաստանի տնտեսությանը, պետական կառավարման և դատաիրավական բարեփոխումներին ու անվտանգության ոլորտին, ինչպես նաև աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ ազգաբնակչությանը և այստեղ ականազերծման ծրագրի իրականացմանը:
Դրա հետ մեկտեղ նամակում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել չերկարաձգել 907-րդ բաժնի կասեցումը և դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Հիշեցնենք, որ 907-րդ բաժինն ընդունվել է 1992 թվականին, որով ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ։
Այս առիթով Հայ դատի հանձնախումբը հիասթափված է․
«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է պատասխանատվություն, այդ թվում՝ չզինելու և չսատարելու Ադրբեջանին։ Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար, կհակասի քարոզարշավի ժամանակ նրա դիրքորոշմանը և, որ ավելի վատ է, Հայոց ցեղասպանության ճանաչման նրա ոգուն»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: