Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում բացատրել է, թե ինչու չի գլխավորում Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության մասնակցությամբ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը:
«Ցուցակում չլինելը չի նշանակում չմասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ ես ցուցակի վերևում չեմ: Նրանք, ովքեր գլխավորում են ընտրական ցուցակները, դիմում են պետական բարձր պաշտոնների, և, ինչպես գիտեք, ես հայտարարել եմ, որ այսուհետ պետական բարձր պաշտոններ չեմ զբաղեցնելու: Անհրաժեշտության դեպքում ես կօգնեմ խորհուրդներով: Համարում եմ, որ ես ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին՝ պետական բարձր պաշտոններում»,- ասաց Սարգսյանը:
Նախկին նախագահը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ նա է դաշինքի ընտրական ցուցակը կազմողը, հորդորելով «չհավատալ սադրիչ բամբասանքներին»: Սարգսյանը շեշտել է, որ ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հավասար դաշնակիցներ են: