Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկման առարկա էր ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը:
Այս մասին հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«ՀԱՊԿ-ն անհանգիստ հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Սա նաև քննարկման առարկա դարձավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում»,- ասել է Զասը չորեքշաբթի կայացած հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը ողջունում է «հայկական և ադրբեջանական կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ սկսված բանակցությունները և վիճելի տարածքներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման մասին համաձայնագրի ձեռքբերումը»:
«Մենք նշում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի»,-ասաց Զասը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների առանձին խմբեր հատել էին Հայաստանի պետական սահմանը և գործողություններ ձեռնարկել Սև լճի մերձակա տարածքը զավթելու համար:
Իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք սկսվել են մայիսի 12-ին, դեռ չեն բերել ցանկալի արդյունքի: Հայաստանը մայիսի 14-ին պաշտոնական կոչով դիմել է ՀԱՊԿ: