Երեկ՝ հունսի 3-ին լուր տարածվեց այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել է «Հրապարակ»-ի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու փախել։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Սարգսյանը պատմեց դեպքի մանրամասները։ Նա ասաց, որ երեկոյան ընկերների հետ ոչ աշխատանքային ժամին նկատել է, որ իրեն մի կին է նկարում։ Ապա կինը մոտեցել է իրեն և ներկայացել որպես լրագրող և շարունակելով նկարահանել՝ հարցեր է տվել։
Սարգսյանը խնդրել է չնկարել իրեն, քանի որ, ըստ պատգամավորի ինքն իրավունք ունի աշխատանքային ժամին ընկերների հետ հանգստանալ, սակայն տեսնելով, որ լրագրողը շարունակում է գործողությունը, խլել է հեռախոսն ու ջնջել տեսանյութը, ապա գործընկերներից մեկի միջոցով վերադարձրել։ Գործընկերը նաև փոխանցել է լրագրողին, որ իր մասնագիտությանը հարիր պահվածք դրսևորի։
Հիշեցնենք, որ Hraparak.am-ը ավելի վաղ գրել էր, որ լրագրող Անուշը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտերքում, մոտեցել և փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս է մեկնաբանում, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։
Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։ Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան և հեռացել՝ ասելով, որ չի տալու։
Դաշտենցը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, ինչին ի պատասխան ՔՊ-ականները ծաղրելով ասել են․ «Ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել»։