Քաղաքականություն վերադառնալու, նախընտրական ծրագրերի մասին Armenia Today-ը զրուցել է «Դեմոկրատական կուսակցության» վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի հետ։
–Ինչո՞ւ որոշեցիք կրկին վերադառնալ քաղաքականություն։
– Ինձ ամեն օր այդ հարցը տալիս են։ Այսօրվա մեր երկրի դրությունն ինձ ստիպեց կրկին վերադառնալ քաղաքականություն։ Տնտեսությունն անտերության է մատնված, պարտված պատերազմ։ Իմ կյանքի ձեռք բերած մեծ փորձն ուզում եմ ներդնել մեր հայրենիքի համար։ Աշխատանքային մեծ փորձ ունեմ, բանակցությունների՝ ևս։ Տարբեր երկրներում ստեղծած գործերի արդյունքներն ուզում եմ ներդնեմ մեր երկրի համար՝ մեր թիմի հետ ստեղծենք հզոր և արդար Հայաստան։
– Դուք գործարար եք և ուզում եք քաղաքականություն վերադառնալ։ Չե՞ք կարծում, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն։
– Շատ ճիշտ հարց եք բարձրացնում։ Ես ունեմ հա՛մ քաղաքականության մեջ փորձ, հա՛մ տնտեսության։ Ես եղել եմ ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական կուսակցության կողքին։ Այդ գործի մեջ մեծ փորձ ունեմ։ Ասեմ ձեզ՝ անփորձ մարդիկ եկան, մեծ փորձանք բերեցին մեր երկրի գլխին։ Անփորձ մարդը մտնում է խորհրդարան, ի՞նչ ձևով պետք է բարելավվի քաղաքականությունը։ Բիզնեսի մեջ ինչպե՞ս կարող են լավ ուղղություններ ցույց տալ, ինչպե՞ս կարող են ներդրումներ բերել, մարդկանց համոզել։ Հասկացե՛ք, հեշտ է ասել՝ թող գան միայն քաղաքականությունից հասկացողները։ Հա՛մ քաղաքականությունից եմ հասկանում, հա՛մ՝ բիզնեսից, ամբողջ գործարար աշխարհը լավ գիտեմ։ Կարևորը գիտենք կառուցել, քանդել չգիտենք։ Մենք կառուցող ենք, ունենք մեծ ծրագրեր․ փոքր երեխաներից կսկսենք, ուսանողների, թոշակառուների, բանակի համար պայմաններ պետք է ստեղծենք։
– «Դեմոկրատական կուսակցությունն» ի՞նչ արտաքին քաղաքականության ծրագիր ունի․ ի՞նչ տարբերակ եք առաջարկում, որպեսզի ադրբեջանական ԶՈւ-ն հետ մղվի ՀՀ տարածքից։
– Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Ես սահմանին շատ ծանոթ եմ, մի քանի անգամ եղել եմ այնտեղ։ Մեր սահմաններն անմխիթար վիճակում են։ Պետք է մեծ ներդրումներ արվեն և սահմաններն ամրացվեն։ Անվտանգություն չկա, սահմանամերձ համայնքների տները պաշտպանված չեն, թուրքն ինչ ուզում՝ անում է։ Չեմ ուզում մեղադրել ո՛չ նախկին իշխանություններին, ո՛չ ներկա իշխանություններին։ Այդ ամենն իրականացնելու համար պետք է ունենաս հարուստ տնտեսություն։ Եթե մենք լավ պայմաններ առաջարկենք ներդրողներին, նրանք կգան՝ ինչպես ես միշտ արել եմ և ունեմ մեծ արդյունք։ 1998 թվականին ես եմ մեծ ներդրումներ բերել Հայաստան։
– Որպես գործարար ինչպե՞ս եք պատրաստվում ձեր գործընկերներին համոզել ներդրումներ անել մեր երկրում։
– Ես համոզելու բան չունեմ։ Իմ հարուստ գործարար ընկերները սպասում են իմ ընտրություններին, որ մեծ ներդրումներ կատարեն, որն արդեն արել են։
Մանրամասները տեսանյութում․