ԼՀԿ-ն ստացել է իր կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ իրենք երրորդ տեղում են գտնվում։ Հարցման արդյունքները, որոնք իրականացվել են ՀՀ խոշոր քաղաքներում, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խուսափելով որևէ թիվ ներկայացնել։
Ասում է՝ իրենց ուղերձներն ավելի մեծ ազդեցություն են ունեցել հանրության շրջանում, քան իրենք պատկերացրել են։ Մարուքյանը պատճառը բացատրում է․
«Մեզ ավելի շատ օգնում են իրար ոչնչացնելու մոլուցքով տառապող երկու բևեռները։ Նրանք իրար նկատմամբ այնքան են սրել պայքարը, որ Ազգային միասնության կառավարություն ստեղծելու և համերաշխության ԼՀԿ-ի ուղերձը երկու անգամ ավել էֆեկտ է տվել»,- նկատեց նա։
Ըստ Մարուքյանի ՝ պայքարի դուրս եկած որևէ ուժ չի ստանալու 51 տոկոս ձայն և ժողովուրդը բոլոր քաղաքական ուժերին պարտադրելու է ձևավորել Ազգային միասնության կառավարություն։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին մեկնարկել է քարոզարշավը։ Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մ ասնակցում են 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։