Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հղում անելով ՄԽ համանախագահների հայտարարությանը՝ Փաշինյանը հայտարարեց․
«Հայաստանը միշտ ընդգծել է, որ պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել։ Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս վերսկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները»։
Նա նշեց, որ Շառլ Միշելի հետ ունեցած բանակցություններում կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների ու պահվող այլ անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձի հարցը։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների ապաշրջափակում է նախատեսված։ Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքի ակնհայտ սպառնալիքներով, ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը հետևողական աշխատանք է տանելու տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման ու նաև ճանապարհների՝ մասնավորապես Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար։