ՀՀ Առողջապահության նախարարությունը կրկին անդրադարձել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին:
Համաձայն նախարարության հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ և վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը:
Նախարարությունը ներկայացրել է նաև համապատասխան փաստարկներ․
«Ապատեղեկատվություն». Սրտի ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության, իսկ ծավալներն աճել էին առողջապահական բյուջեի մեծացման հաշվին:
«Պատասխան». Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը՝ այդ թվում սրտի ստենտավորման ծառայությունների պետական պատվերի շրջանակներում ներդրումը և զարգացումը պետական քաղաքականություն է և միտված է առողջապահական ցուցանիշների բարելավմանը:
Այն պնդմանի ի պատասխան, թե «ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության», հարկ է նշել, որ բանակցությունները տարվել են Առողջապահության նախարարության կողմից: Արդյունքում` 2018թ. հունիսի 28-ին եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվել ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը: Հղումը` http://old.moh.am/?fbclid=IwAR1gJkC2QHTcRIMRre8vomhCnw4xEpM6cuhMULFmHbOELZwXbXE6k4gz-ME#1/1377:
2018 թվականի հուլիսից «սրտի անհետաձգելի վիրահատություններ (ստենտի տեղադրումով)» ծրագրում ներառվել է նաև դեղապատ ստենտի տեղադրումը և վերանայվել է գնային քաղաքականությունը, արդյունքում՝ կորոնար անոթների ստենտավորում մեկ դեղապատ ստենտով ծառայության արժեքը նվազել է 30,55%-ով:
Գնային քաղաքականությունը մշակվել է ծառայությունների գնագոյացման հաշվարկների հիման վրա: Ստենտավորման ծառայությունների ծավալների աճը պայմանավորված է գնային քաղաքականությամբ, ֆինանսավորման ծավալների ավելացմամբ, իրազեկման աշխատանքների ակտիվացմամբ, ախտորոշման-ճշտման գործիքակազմի հագեցվածության ավելացմամբ:
Արդյունքում` շուրջ 6000 մարդ սրտի վիրահատության է ենթարկվել` պետական պատվերով: Շարունակելի․․․»