Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վարչապետի մամուլի ծառայությունը:
Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։
Հաջորդիվ երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
«Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին»,-ասել է Վարչապետը` ընդծելով, որ հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար։
Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, կարևորել 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։
«Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում: Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում»,- նշել է Վարչապետը։
Մտքեր են փոխանակել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը, սիրիական ճգնաժամի մասին, մտահոգություն հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ:
Նշենք, որ Վարչապետի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն ավարտվել է, և Նիկոլ Փաշինյանն այսօր կվերադառնա Հայաստան։