Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վարչապետի մամուլի ծառայությունը։ Հատուկ խորհրդականը Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցող «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակում:
Վարչապետը կարևորել է Ճապոնիայի հետ քաղաքական երկխոսությունը, որը դինամիկ զարգանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանակում Հայաստանին տրամադրվող օժանդակության կապակցությամբ և նշել, որ իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական կապերի զարգացմանը:
Իր հերթին Էիիչի Հասեգավան շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և փոխանցել Ճապոնիայի վարչապետի բարեմաղթանքները ՀՀ վարչապետին՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ գործակցության հետագա զարգացման հեռանկարները:
Կողմերը մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների զարգացման, կրթության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում կապերի սերտացման հեռանկարների շուրջ:
Վարչապետը վերահաստատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղղված՝ Հայաստան այցելելու իր հրավերը։