ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանել է Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:
Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է:
Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Կոմիտեից հայտնել են, որ իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:
Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորել է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը։