Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներմուծվող գազի գինը մոտ 15 տոկոսով իջեցնելու մասին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել Է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։
«Հաշվի առնելով ոլորտում աճող մրցակցությունը, ինչպես նաև միջազգային շուկայում նավթամթերքի գնանկումը՝ մենք վերանայեցինք գործող պայմանագիրը», – ասել է Տուրնավան՝ ընդգծելով, որ դա կնպաստի գազի գնի նվազմանը։
Հստակ թվեր նախարարը չի նշել` պնդելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է, սակայն հավաստիացրել է, որ գազը կէժանանա մոտ 15 տոկոսով:
Վրաստանը տարիներ շարունակ` 2006-2019 թվականներին, հրաժարվում էր ռուսական գազից` նախընտրելով վառելիքը գնել Ադրբեջանից: