Հուլիսի 31-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի 2020 թվականի համապետական ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» դիտորդական առաքելության զեկույցի ներկայացումը։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության կայքէջից:
Զեկույցում տեղ են գտել են ինչպես 2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած համապետական՝ Ազգային ժողովի և հանրապետության նախագահի ընտրությունների, այնպես էլ ապրիլի 14-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի դիտարկման արդյունքները։
Ընդհանուր առմամբ, դիտորդական առաքելությունն արձանագրել է որոշակի դրական միտումներ, բայց և ընտրական գործընթացի բազմաթիվ թերացումներ, խախտումներ և ոչ բավարար քաղաքական կամք՝ դրանց վերացման համար։
Դրանով հանդերձ, ըստ զեկույցի, Արցախի համապետական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում: Միևնույն ժամանակ, դիտորդական առաքելությունը հանդես է եկել Արցախում ընտրական գործընթացների վերաբերյալ մի շարք առաջարկություններով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի էապես բարեփոխել Արցախի Հանրապետության ընտրական համակարգը։