Տավուշի մարզի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը լրագրողների հետ զրույցում խոսել է գյուղամերձ տարածքում սահմանի սահմանազատման աշխատանքների մասին։
Նրա խոսքով՝ «Խաչի յալ» բարձրունքի հատվածում սահմանագիծը պետք է անցներ ուղիղ բարձունքի գագաթով, սակայն ներկայումս այն մոտ 25 մետրով թեքվել է ներքև։
Շահինյանը նշել է, որ գյուղի բնակիչների հիմնական մտահոգությունները կապված են կամրջի մոտ և գյուղի ներսում գտնվող տեղանքի հետ։ Նրա խոսքով՝ այս տարածքներում սահմանազատման գործընթացը ներկայումս սառեցված է։
Շահինյանը նաև մանրամասնել է, որ իրենց հիմնական վախը կապված է սառեցված երեք կետի սահմանազատման հետ։
«Կիրանցում սահմանազատումը չի վերջացել, ամենամեծ վտանգը կապված է կամրջի, գյուղի տարածքի հետ, մենք չգիտենք, թե վաղն այդտեղ ինչ կլինի»,- նշել է նա։
Շահինյանն ավելացրել է, որ կիրանցիները ոչ թե շատ գոհ են սահմանազատումից, այլ մինչև այժմ արվածը համապատասխանում է ճիշտ սահմանին։
Կիրանցիները նշել են, որ դեռևս ոչինչ պարզ չէ, քանի որ աշխատանքները կիսատ են թողել ու գնացել։ «8 կետը դրել են, 3-ն ինչո՞ւ են թողել»,- հարցրել է գյուղացիներից մեկը։
Մեկ այլ գյուղացու խոսքով՝ իրենք չեն հավատում իշխանությունների ասածին։ «Մեզ ավելի շատ հետաքրքիր է մնացած մասի սահմանազատումը»,- ասել է նա՝ կոչ անելով կիրանցիների անունից չխոսել։
Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր Տավուշի մարզից սահմանազատում սկսելու Բաքվի հետ համաձայնության մասին։ Նույն օրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներ էին սկսել Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ, ապրիլի 25-ից բողոքի ակցիաները տարածվել էին նաև Հայաստանի այլ մարզերում։
Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանները բռնի ձերբակալություններ էին իրականացրել 30 ցուցարարի նկատմամբ և փակել գյուղ տանող ճանապարհը։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան։ Կազմակերպիչները նախատեսում են, որ երթը Երևան կհասնի մայիսի 9-ի կեսօրին: Մայիսի 5-ին երթի մասնակիցները հասել էին Գեղարքունիքի մարզ, մայիսի 6-ին երթը հասել էր Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, այնուհետև կուղևորվեն Աբովյան քաղաք, որտեղից էլ մայիսի 9-ի առավոտյան կքայլեն Երևան։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։