«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նախկին ղեկավար Մհեր Դավիդյանցը խոսել է իր հրաժարականի պատճառների մասին։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա առանձնացրեց մի քանի գործոն։ Դավիթյանցի խոսքով՝ իրեն անհասկանալի են նոր բժշկական կենտրոնում իրեն առաջարկված ընդհանուր հարցերով փոխտնօրենի պաշտոնը և գործառույթները, որը նախատեսվում է ձևավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորումից հետո:
Նա ընդգծել է, որ իր հիմնական գործունեությունը կլինիկական եւ վարչական աշխատանքն է: Դավիթյանցն ասաց, որ հնարավոր է շարունակեր աշխատանքը, եթե իրեն առաջադրվեր միացյալ կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Հիվանդանոցի նախկին ղեկավարն առանձնացրել է հիվանդանոցի ղեկավարության ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները՝ նշելով իր ներդրումը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ թիմային մասնագիտական աշխատանքը, աշխատանքի որակի բարձր ցուցանիշները, ֆինանսական մուտքերի աճը, պայմանների բարելավումն ու սարքավորումների ձեռքբերումը:
Մհեր Դավիդյանցը հայտնեց նաև համաճարակի շրջանում առողջապահության համակարգում առկա տարաձայնությունների մասին: Նրա խոսքով՝ տարաձայնությունները եղել են ոլորտի կուրատորների հետ: «Եղել են որոշումներ, որոնց հետ ես համաձայն չեմ եղել, սակայն աշխատանքը կատարվել է բացառապես հիվանդների շահերից ելնելով», – ընդգծել է Դավիդյանցը:
Նա նաեւ նշել է, որ տարաձայնությունները եղել են քննարկումների, երբեմն վեճերի ձեւով եւ վերաբերել մասնագիտական ոլորտին: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ում հետ են եղել նշված վեճերը ։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի ազատման պատճառները:
«Տարեսկզբին սկսվեց երկու կենտրոնների՝ ՁԻԱՀ – ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման գործընթացը։ Նոր բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել է ընդհանուր գծով տեղակալի պաշտոն, որը սկզբում ընդունվել է, սակայն հետագայում նա հրաժարվել է», – հայտնել Է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով՝ Դավիթյանցին առաջարկվել է շարունակել համագործակցությունը իր համար ընդունելի այլ ձևաչափերով, օրինակ, զբաղվել գիտական, մանկավարժական գործունեությամբ։