Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացված է այն քաղաքացիների մասին, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք և կանոնավոր աշխատանք են տանում այդ հարցը լուծելու համար:
Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։
Ինչպես նշել է Գուչկովը, հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանների փակման արդյունքում Հայաստանում մնացած Ռուսաստանի բավականին մեծ թվով քաղաքացիների թիվը, չվերթների թիվն ավելացել է, ավելին, նման չվերթներ կազմակերպվում են արդեն կանոնավոր հիմունքներով:
«Ինչ վերաբերում է լրացուցիչ չվերթներին կամ դրանց թվի ավելացմանը, եթե արդեն հասցրել եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան գրառմանը, ապա գիտեք, որ օգոստոսին նախատեսված է ևս 15 չվերթ, այն դեպքում, երբ մինչև ամսվա վերջ մնացել է ընդամենը 10 օր։ Ընդ որում, չվերթները նախատեսված են տարբեր շրջաններ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Մինվոդի, Նովոսիբիրսկ, Ռոստով, Կրասնոդար»,- ընդգծել է դեսպանատան մամուլի քարտուղարը։
Ալեքսանդր Գուչկովը նաև պատասխանել է Վրաստանի տարածքով ցամաքային միջանցք բացելու հնարավորության մասին հարցին:
«Բանն այն է, որ Վրաստանի տարածքում դեռ գործում են սահմանափակումներ, որոնք սահմանվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Բնականաբար, այդ սահմանափակումները կարող է վերացնել միայն վրացական կողմը՝ ելնելով սեփական շահերից և երկրի ներսում ստեղծված համաճարակաբանական իրավիճակից։ Եվ դա պետք է հասկանան այն քաղաքացիները, ովքեր անձնական ավտոտրանսպորտով ցանկանում են մեկնել Ռուսաստան և դեսպանատանը մեղադրում են անգործության մեջ»,-նշել է նա։
Միևնույն ժամանակ Գուչկովը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ. դեսպանատունը դիվանագիտական ուղիներով վրացական կողմին հարցումներ է ուղարկում ավտոբուսային խմբերի ձևավորման համար (իսկ արդեն մի քանի նման դեպք է եղել) և, որպես կանոն, ստանում է դրական պատասխան, և քաղաքացիները տարանցիկ ճանապարհով վերադառնում են Ռուսաստան:
«Եթե ամփոփենք, ապա աշխատանքը շարունակվում է ամենօրյա ռեժիմով», – նշել է Գուչկովը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 5 հազար մարդ:
ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ ստեղծվել է «Հայաստան-ՌԴ պետական ծառայություն» հատուկ տելեգրամյան ալիքը, որտեղ օպերատիվ կերպով հրապարակվում են ավիաչվերթների մասին ողջ տեղեկատվությունը, և դիվանագիտական ծառայության աշխատակիցները տելեգրամյան ալիքի զրուցարանում մանրամասն խորհրդատվություն են տրամադրում քաղաքացիներին առաջիկա ավիաչվերթների վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է ավիատոմսերի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, ապա դրանք անխուսափելի են, և դա բնական է, հաշվի առնելով վերադառնալ ցանկացողների քանակը։ Տեղեկատվություն է հայտնվում 150 տեղով չվերթի մասին, իսկ Ռուսաստան վերադառնալ ցանկացողները, ինչպես նշեցի վերևում, ավելի քան 5 հազար մարդ են, և, իհարկե, ոչ բոլորն են հասցնում տոմս գնել» ,- նշել Է մամուլի քարտուղարը։
Գուչկովը չի մեկնաբանել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստում Ավինյանը հայտնել է, որ հայկական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում Հայաստանի քաղաքացիների համար ռուսական սահմանի բացման շուրջ, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի, և խոստացել է կոնկրետ լուրերի ի հայտ գալու դեպքում հանրությանը տեղեկացնել տվյալ խնդրի լուծման համաձայնեցված տարբերակների մասին:
Ինչպես հայտնի է, սահմանների փակումից հետո Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ՌԴ դեսպանատան դիմաց՝ պահանջելով կազմակերպել նրանց վերադարձը Ռուսաստան
Մասնավորապես, բողոքի ակցիան դեսպանատան մոտ տեղի է ունեցել հուլիսի 24-ին, որի ժամանակ քաղաքացիները հանդես են եկել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված հավաքական ուղերձով: Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրել են քննարկել Ռուսաստան իրենց վերադարձի կազմակերպման հարցը և որոշման մասին հայտնել մինչև հուլիսի 29-ը ներառյալ: Հակառակ դեպքում նրանք կշարունակեն բողոքի ակցիան Բագրատաշենի մաքսային կետի մոտ՝ մինչև հաղթական ավարտ։
Նշված ժամանակահատվածում մի խումբ անձինք փորձել են անձնական ավտոմեքենաներով հատել Հայաստանի և Վրաստանի սահմանը։ Վերջին ակցիան տեղի է ունեցել նախօրեին ՀՀ կառավարության շենքի առջև, մասնակիցները պահանջել են աջակցել Ռուսաստանի հայազգի քաղաքացիների և այն քաղաքացիների վերադարձին, ովքեր երկքաղաքացիություն ունեն:
Նշենք, որ Հայաստան-Ռուսաստան պետական ծառայության տելեգրամ սոցիալական ցանցի զրուցարանում այս պահին 5074 օգտատեր կա, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հենց այդքան մարդ՝ Ռուսաստանի քաղաքացի, ցանկանում են Հայաստանից վերադառնալ Ռուսաստան: