Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով, որ համայնքի նախկին ղեկավարը չվերադառնա պաշտոնին։ Բողոքի ակցիայի մասնակիցմերը հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որպեսզի նա լսի իրենց փաստարկները և խնդրին օրինական լուծում տա։
Նրանք բողոքում են, որ չեն ուզում, որպեսզի նախկին գյուղապետը վերադառնա իր պաշտոնին։ Եղեգնուտցիների խոսքով՝ նախկին գյուղապետը համայնքի բյուջեն թալանել է։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ համայնքի նախկին ղեկավարի։
Դեռ 2018 թվականին համայնքում ակցիա են իրականացրել, որի հետևանք համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո նախկին համայնքապետը դիմել է դատարան։
Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն: Գյուղացիները համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են պահանջում, համաձայն են, և անգամ համաձայն են բոլորովին անծանոթ մեկը գյուղապետ նշանակվի, սակայն նախկինի վերադարձը բացառում են։