Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածության հարցի քննարկումից առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ընդգծեց, որ այսօր կարևոր քննարկում է հետհեղափոխական Հայաստանի կյանքում: Նա շեշտեց, որ այսօրվա քննարկումներից ու քվեարկությունից է կախված լինելու հեղափոխության ու, որպես դրա հետևանք, երկրում ժողովրդավարության ամրապնդման ու կայացման գործընթացը: Անդրադառնալով նրա ելույթին՝ Արթուր Վաղարշյանը նշեց, որ զարմացած է։
«Խոսքերն ասվում են նրա համար, որ տպավորություն ստեղծվի, թե ես հակահեղափոխական եմ, Դուք՝ հեղափոխակա՞ն։ Մի՛ ընտրեք ինձ. ձեր գործն է՝ ընտրողն էլ, չընտրողն էլ Դու՛ք եք։ Եթե ես չունենայի համոզմունք, որ կարող եմ որևէ բան փոփոխել, այստեղ չէի լինի»,- նշեց թեկնածուն։
Վաղարշյանի խոսքով՝ պատգամավորի ելույթը նայելով, մարզում գտնվող մարդը կմտածի՝ այս հակահեղափոխականին բերել էին, ուզում էին ընտրել, Արման Բաբաջանյանն էլ կանխեց։
«Այս ստեղծված իրավիճակում ՍԴ ապագա կառուցվածքում հենց իմ նման անձը պետք է լինի, որ կարող է հավասարակշռել երկու թևերը: Եթե ես չունենայի այդ համոզմունքը, այդ գիտելիքն ու հմտությունը, որ կարող եմ դա անել, ես այստեղ չէի լինի: Ես ֆրակցիոն գործողություն չեմ վարում, որևէ կլանի, օլիգարխիկ շրջանակի հետ կապ չունեմ։
Մարդն անկախ է՝ իր կենսագրությամբ: Անկախ ծնվում են. եթե ծնվել ես ստրկամիտ, այդպես էլ կգնաս։ Անկախ է այն մարդը, ով պրոֆեսիոնալ է։ Ճիշտը իմ թեկնածությունն է, այլ ոչ թե ինձնից հետո եկողը: Կառաջադրեն՝ կտեսնեք. ճանաչում եմ, գիտեմ մի քանիսի անունները կուլիսներից», -ասաց նա։
Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը: