Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը: Այս մասին
հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանի գրություններում շեշտվել է` դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս հարցերում իր գործունեությունն իրականացնում է հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության իր մանդատը և հիմնվելով կոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների
վրա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: