Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի բախումները շատերի կողմից դիտարկվում են որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում, գրում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հաղորդելով, որ Թուրքիան նաև ահաբեկիչներ է հավաքագրում Սիրիայից և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ։
Սիրիայից մի ահաբեկիչ, որը խոսել է անանունության պայմանով, Fox News-ին հայտնել է, որ այս շաբաթ մարտի դաշտում սպանվել են իր հարազատ Հոմս նահանգի Ռաստան քաղաքի չորս տղամարդիկ: Նրանցից մեկը՝ Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակ»-ի 35-ամյա մայոր Քինան Ֆերզաթը, եղել է նրա ազգականը։
«Քինանը «Սիրիական ազգային բանակ»-ին միացել է որպես հրետանային բրիգադի հրամանատար։ 2018 թվականին նա հրաժարվել է հաշտվել ռեժիմի հետ և արտաքսվել է Սիրիայի հյուսիս, ինչպես և մյուս դասալքված զինվորական սպաները։ Քինանը երկու տարբերակ ուներ. կա՛մ պետք է գնար Իդլիբ և միանար իսլամիստական և ահաբեկչական կազմակերպություններին, կա՛մ ուղևորվեր Աֆրին և միանար թուրքական ազգային բանակին»,- ասել է Fox News-ի անանուն զրուցակիցը։
Նրա խոսքով՝ վերջինս նախընտրել է միանալ «Սուլթան Մուրադի» դաշինքին, որը գործում է թուրքական ազգային բանակի կազմում։
Նա հայտնել է, որ իր ազգականին վերջերս խնդրել են մեկնել Ադրբեջան և նա վախեցել է հրաժարվել, ուստի նախ մեկնել է Ստամբուլ, այնուհետև՝ Ադրբեջան։
«Դա ցավալի նորություն էր ընտանիքի համար։ Մենք հեղափոխականներ ենք, և մենք մեր գործն ունենք, մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»,- խոստովանել է ահաբեկիչի ազգականը։
Նա նաև ցուցադրել է Ռաստան քաղաքի մյուս երեք՝ 20-ից 30 տարեկան սպանված վարձկանների լուսանկարները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարված է ռազմական դրություն։