Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռբերման նպատակով: Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա:
Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում:
Սեպտեմբերի 21-ից ինչպես պահեստազորի, այնպես էլ կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները:
Ընդ որում, սեպտեմբերի կեսից սկսած՝ սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ:
Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: