ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց, որ, ըստ էության, ԼՂ հակամարտության գոտի և տարածաշրջան են փոխադրվում ոչ միայն վարձկաններ, որոնք կռվում են միայն գումարային հատուցման դիմաց, այլ հենց կոնկրետ ահաբեկչական խմբավորումների ծայրահեղական զինյալներ՝ ջիհադիստներ, այսինքն, գաղափարաբանության մարտիկներ, ինչը միջազգային ահաբեկչության և վերջինիս վտանգավորության աստիճանի ամենակարևոր բնորոշիչն է: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Իրականում սրանք չափազանց կոշտ գնահատականներ են:
Ընդ որում, հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ այս հայտարարությունը հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Մոսկվային ուղղված այն հրապարակային քննադատությանը, թե փաստացի ՌԴ-ը ստում է և որևէ փաստ կոնֆլիկտում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ չի ներկայացվում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։