ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակին և Facebook-ի էր էջում գրել է․
«Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ հստակ նշել է, որ դեռևս սեպտեմբերի 28-29-ին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն առաջարկել են հրատապ այցով գալ Հայաստան և սկսել, որպես միջնորդ, համապատասխան բանակցություններ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ, ապա և, ըստ համաձայնության, խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ:
Այո՛, ամեն ինչ շատ ճիշտ է ասել պարոն Ծառուկյանը:
Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման ընդունել է հայտարարություն-կոչ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ նիստից անմիջապես հետո ինձ հետ կապվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում այդ հարցի հիմնական զեկուցող իմ գործընկերը և հայտնել, որ Դումայի նախագահի հանձնարարությամբ մեզ և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտոնյաներին տեղեկացվել է ընդունված որոշում-հայտարարության վերաբերյալ, որի տեքստը հետագայում պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ իմ անունով: Դա եղել է սեպտեմբերի 29-ին:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին ս.թ. հոկտեմբերի 22-ին և հնդկական հեռուստաալիքին ս.թ. հոկտեմբերի 25-ին, ապա շեշտում եմ՝ մենք ասել ենք սեպտեմբերի 29-ի մասին, և ոչ թե՝ հոկտեմբերի: Այսպիսով, մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել է հոկտեմբերի հետ: Իսկ հենց նոր վարչապետը նույն բանն ասեց, ինչ մամուլի խոսնակը: Ես կրկնում եմ՝ վարչապետը և մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել են հոկտեմբերի հետ: Մեր ասած ամիս-ամսաթիվը հստակ է»,- պարզաբանել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակը գրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, թե տեղի ունեցածը դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։ Նա նշել է, որ Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։
Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։
Հետեւաբար, հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։