Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ ԿԽՄԿ-ն լիովին կարող է կարեւոր և ավելի ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հումանիտար հետեւանքների հաղթահարման գործում։ Մենք գիտենք, թե ինչպես է Կարմիր Խաչը զբաղվում զոհվածների մարմինների փոխանակմանն աջակցելու, գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցերով: Այս ամենը շատ կարեւոր է տարբեր էթնիկ պատկանելության եւ տարբեր դավանանքի մարդկանց միջեւ հարաբերությունները վերականգնելու համար», – ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այդ գործընթացին կմիանան նաեւ այլ հումանիտար կառույցներ, եւ առաջին հերթին ՄԱԿ-ի համապատասխան կառույցները:
Լավրովը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղում նաև մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա, և այստեղ իր դերը կարող է ունենալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։