ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:
Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է մինչ այսօր իր ղեկավարած գերատեսչության կողմից կատարված վնասների չափագրման աշխատանքները: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որոնք ըստ խմբերի կշրջեն բոլոր բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները:
Նախապատվությունը տրված է կենսական կարևոր նշանակության համակարգերի՝ էլետրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի կոմունիկացիների վերականգնմանը, ինչպես բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը, դրանց զուգահեռ կկատարվի նաև դպրոցական և նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների և ճանապարհների վերակառուցումը:
Կարեն Սարգսյանի խոսքով այդ աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի մեր բնակչության համար ստեղծենք մաքսիմալ հարմարավետություն:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։