Ռուս մշակութային գործիչները խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դրանց հետագա պահպանման համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են եւ կարող են ենթարկվել ոչնչացման, ավերման եւ վանդալիզմի նաև ռազմական գործողությունների ավարտից հետո: Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ամբողջ հեղինակությունն ու լիազորությունները՝ հուշարձանները փրկելու համար, նրանց անհրաժեշտ կարգավիճակ տալու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար», – ասված է բաց նամակում, որը գտնվում է ՌԻԱ Նովոստի- ի տրամադրության տակ:
Մշակույթի գործիչները մտավախություն են հայտնել, որ ղարաբաղյան մշակութային ժառանգությանը կարող է սպասել նույն ողբերգական ճակատագիրը, որն ավելի վաղ հասել էր սիրիական Պալմիրային:
Նամակը, մասնավորապես, ստորագրել են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենձիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, Յուլիա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը և շատ ուրիշներ:
Նշենք, որ սեպտեմբերի 27- ին Լեռնային Ղարաբաղում սրվել է իրավիճակը, վերսկսվել են ակտիվ մարտեր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: