Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։
Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ»,-նշել է Հարությունյանը։
Ըստ նրա՝ հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։
Հարությունյանը հույս է հայտնել, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։
«Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։
Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը 305 կողմ ձայներով ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Սենատորները ծափերով ընդունեցին որոշումը։ Բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: