Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Այս մասին ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Իսկ մինչ այդ, ըստ նրա, երկրում առողջապահական, տնտեսական ճգնաժամ էր։
ԱԺ-ում այսօր ԼՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ՝ նվիրված երկրում ստեղծված իրավիճակից ելքերին, որին, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում։
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։
Նա նշեց, որ նախ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։
«Վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն: Երկրորդ՝ ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակ՝ փոխադարձ վստահելի: Գիտենք, որ վերջին 2 տարիներին մեր պետական մարմիններևը խզում են ունեցել ՌԴ պետական մարմինների հետ։ Այս առումով կարծում ենք շատ մեծ անելիք կա»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից ներկայացված դիմումը՝ սահմանադրական փոփոխությունների հարցով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։ Նշենք, որ եթե Փաշինյանի հրաժարականի պահանջով միացած 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ապա նրանց չմիացած ԼՀԿ-ի թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանն է։