Շուշիի Հին Շեն և Մեծ Շեն բնակավայրերում ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար:
Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա՝ ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն, ըստ Պաշտպանի, ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: