Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում: Այս մասին “Le monde” օրաթերթին տված հարցազրույցում նշել է ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացը, Այվազյանը նշել է․ «Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար»։
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Հայաստանը նախատեսում է ճանաչել Արցախի անկախությունը, Այվազյանը նշել է․ «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: