Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
«Ասեմ ավելին՝ կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, ովքեր ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց, մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում»,-նշել է պատգամավորը։
Սարուխանյանը վստահեցրել է` հետևողական աշխատանքներ են կատարվում մյուս խնդրահարույց դիրքերում առաջացած խնդիրների լուծման համար։
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանին, ովքեր վերջին 5 օրը ամենօրյա կապ հաստատելով իմ և կամավորների հետ, մանրամասն ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, իրենց մեծ դերակատարությունն ունեցան այս կարևորագույն գործում»,-նշել է նա։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: