Այս տարվա ընթացքում ևս աղմկահարույց քրեական հետապնդումների պակաս չզգացվեց։ Armenia Today-ը ներկայացնում է տարվա դատաիրավական գործընթացների առանցքում հայտնված ամենաաղմկահարույց քրեական գործերի հնգյակը։
1․Գագիկ Ծառուկյան․ «տարվա ամբաստանյալը»
Ինչպես սովորաբար՝ քրեական գործերից ամենաաղմկահարույցները քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց շուրջ է ծավալվում։ Այսպես, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի առավոտյան խուզարկություն իրականացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ ԱԱԾ-ն ընդհանուր առմամբ 3 հաղորդում հրապարակեց այն գործերի մասին, որոնք, հնարավոր է, կապված են Ծառուկյանի հետ։
Մասնավորապես, ԱԱԾ-ի կողմից բացահայտվեց, որ 2017թ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում ԲՀԿ կուսակցությունը ստեղծել և իրականացրել է ընտրակաշառքների բաժանելու համակարգված ընթացակարգեր։ ԱԱԾ-ի բացահայտումներից հայտնի դարձավ նաև, որ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ պարտավորագրեր են հանձնել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընտրություններում որոշակի քանակի ձայնի ապահովման, իսկ իրենց հետագա պառլամենտական գործունեության ընթացքում կուսակցության առաջնորդին հավատարիմ լինելու վերաբերյալ։ Այս բացահայտումից հետո Գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրեց ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու, նրա նկատմամաբ քրեական գործ հարուցելու և ազատազրկելու վերաբերյալ։ Միջնորդագրի քվերակությանը ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության պատգամավորները չմասնակցեցին, և այն ընդունվեց 87 կողմ ձայնով։ Գագիկ Ծառուկյանն այդպիսով զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Սակայն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց չկալանավորել Գագիկ Ծառուկյանին և այդպիսով մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
Սակայն, ի վերջո, սեպտեմբերի 25-ին դատարանը բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու մասին միջնորդությունը։ Պատերազմական գործողությունների ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 22-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխվեց՝ 100 միլիոն դրամ գրավի դիմաց: Սակայն, այսքանով Ծառուկյանի շուրջ դատաիրավական գործընթացները չավարտվեցին, ավելի նոր թափ ստանալու միտում ունեն։ Այսպես՝ ԱԺ խորհրդի նիստ գումարվեց, որտեղ պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ որոշում կայացվեց Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնել և այս հարցով դիմել ՍԴ:
Ծառուկյանի շուրջ քրեադատավարական այս քրոնիկոնի այս պահի վերջնարդյունքում Սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը։
2․Միքայել Մինասյան․ «հավերժ հետախուզվողը»
ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվեցին քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Մինասյանը մեղադրվեց հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու, առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մասով: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվեց, որ Մ.Մինասյանը 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: 2020թ.-ի մարտի 23-ին որոշում կայացվեց Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի։
Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Սակայն, ՊԵԿ-ը սեպտեմբերի 22-ին կրկին հանդես եկավ հայտարարությամբ, որ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը. նշվեց, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա:
3․ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքը․ «աֆեկտիվ հարվածներ»
Ապրիլի 29-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև «Մալիբու» սրճարանի տարածքում ծեծկռտուք էր տեղի ունեցել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել էր նրան, սակայն վերջինս սեռական բնույթի հայհոյանք էր տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ էր սկսվել:
Նախաքննության ընթացքում պարզվեց, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, և այդ հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում կայացվեց Ա. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: «Ես որևիցե խնդիր չունեմ դեպքի հետ կապված, պարզ ճակատով եմ և նույնիսկ այն տեսանյութը, որը հրապարակում են, փորձում են ինձ վարկաբեկել… ուստի, ինձ համար այդ թեման շատ շուտվանից փակված է»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ, չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, կա նաև տեսագրությունը, սակայն ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։ Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել:
4․ Ռուբեն Հայրապետյան․ մշտապես բացակա ամբաստանյալը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ այս տարվա ընթացքում մի շարք քրեական գործեր հարուցվեցին, սակայն տարվա սկզբին Հայրապետյանը մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղից մերժեցին նրա արտահանձնման վերաբերյալ պահանջները։
Այսպես, դեռևս փետրվարի 4-ին Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով:
Մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ևս ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:
Օգոստոսի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
5․Վլադիմիր Գասպարյան և լրագրողներ
Օգոստոսի 8-ին Azatutyun.am-ը հրապարակում կատարեց, ըստ որի՝ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման փաստի առթիվ դիմեց ՀՀ Ոստիկանությանը:
Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր հերթին պարզաբանում հրապարակեց, որում նշեց, թե մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թույլատրելի չէ ոչ մեկին: Նա անթույլատրելի համարեց, մասնավորապես, «Թռչող նկարահանող սարքի՝ «դրոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության»:
Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվեց քրեական գործ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասով, որով նախաքննությունը հանձնարարվեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
Դեպքին անդրադարձավ անգամ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը, որը դատապարտեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքին խոչընդոտելը: «Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից», – ասել էր Դեյզի Սինդելարը:
Սակայն, այս ամենով Գասպարյանի «սևանյան արկածները» չավարտվեցին։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։
6․ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանների «հարձակումը»
Օգոստոսի 30-ին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանները «հարձակման էին անցել»։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել էին Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով, պոկել էին ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Մալաքյաններին մեղադրանք առաջադրվեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Եղբայրներից ավագը կալանավորվեց, մյուսի կալանավորման միջնորդությունը՝ մերժվեց։