Ամանորին սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Փոխարենն ալկոհոլային թունավորման դեպքեր են եղել։ Ալկոհոլային թունավորումների վերաբերյալ 27 կանչ է ստացվել, որից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց։
Թագուհի Ստեփանյանն, ամփոփելով նախորդ տարվա կանչերի թիվը, տեղեկացրեց, որ Երևան քաղաքի շտապ բուժօգնությունը 2020 թվականին իրականացրել է 322 հազար 167 կանչ:
Իսկ այս ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելի է եղել, քան 2019 թվականին: Անցյալ տարվա ընթացքում նվազել է նաև մանկական կանչերի թիվը։
Ի դեպ, կանչերի բնույթը չի փոխվել։ Կանչերի մեծ մասի առաջին հորիզոնականը շարունակում են զբաղեցնել սիրտ- անոթային հիվանդություններին վերաբերող զանգերը։ Երկրորդ տեղում շնչառական հիվանդություններն են, որին հաջորդում են կոտրվածքները։ Նախորդ տարի, սակայն, ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, այդ կանչերի թիվը նվազել է։
Այս շրջանում բոլորին հետաքրքրող թեմաներից մեկը COVID- 19-ն է։
«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրենը մանրամասնեց, որ անցյալ տարի, նոր կորոնավիրուսով պայմանավորված, 15 հազար 400 կանչ են սպասարկել։
«Առավելագույնը սպասարկել ենք մայիսին՝ 2580 կանչ, իսկ նվազագույնն ունեցել ենք օգոստոսին՝ 864 կանչ։ Կորոնավիրուսով պայմանավորված կանչերը չեն մերժվել։ Հնարավոր է՝ որոշ կանչեր, որոնք անհետաձգելի չեն եղել, ավելի ուշ են սպասարկվել»,- ասաց Ստեփանյանը: