Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցին, հիշեցրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դեռ ուժի մեջ է։
Փաշինյանի համար զարմանալի է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժել են իր առաջարկը։
«Իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ իշխող ուժն ինքն իր համար անի ընտրություններ։ Ավելին ասեմ, եթե քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե իրենք այդպիսի կարծիք չունեն, թե իշխանությունը կկեղծի ընտրությունները կամ կեղծիքներ անելու քայլին կդիմի, և այս պայմաններում իրենք ասում են՝ «ոչ, մենք չենք ուզում ընտրություններ», նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց վարչապետը։
Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ ի վերջո, վարչապետը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ։
Փաշինյանը հարցին հստակ չպատասխանեց, նշեց, որ սկզբունքը չի փոխվել՝ իշխանության ճակատագիրը կարող է միայն ժողովուրդը որոշել։
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին ու իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը, մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»։
Իսկ, եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել այդ տրամաբանությունը, իրենք համապատասխան դիրքորոշում կձևավորեն։
<