«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, գործարար Արտակ Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց իր անձի շուրջ պտտվող ամենատարածված հարցին՝ ինչո՞ւ որոշեց քաղաքականությամբ զբաղվել։
Նա նշեց, որ որոշել է քաղաքականությամբ զբաղվել՝ ելնելով պատերազմի հետևանքով մեր երկրում առաջացած իրավիճակից։
Armenia Today-ն էլ նկատեց, որ մամուլում հրապարակումներ կան, որոնցում ակնարկվում է, որ Թովմասյանի մեծ քաղաքականություն մուտքն ուղղորդվում է ՌԴ-ից։ Սակայն, Արտակ Թովմասյանը հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքական գործիչ կամ ուժ իր հետևում կանգնած չէ, և ոչ ոք իրեն չի ուղղորդում։ Ավելին՝ շատերը զարմանում են, որ նա ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել։
«Ամեն մարդ իր ինֆորմացված լինելու ու երևակայության չափով է կարծիք հայտնում։ Կայացած ու գիտակից մարդը, երբ տեսնում ու հասկանում է երկրի ու տնտեսության վիճակը, առնվազն պետք է կամիկաձե լինի, որ դրան գնա։ Ոչ հայրենասեր մարդը դրան չէր գնա։ Խորը ուսումնասիրելուց հետո միջին մակարդակի տնտեսագետներն անգամ կասեն՝ ինչ վիճակ է ու ինչ է սպասվում մեր երկրին։ Ամեն օր մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում մեր ազգը կարող է կանգնել անելանելի վիճակում»,- պատասխանեց Թովմասյանը։
Նա նախքան քաղաքականություն մտնելը հայտարարել էր, որ իր շուրջն է հավաքելու քաղաքական անցյալ ու ներկա չունեցող պրոֆեսիոնալների։ Armenia Today-ը հետաքրքրվեց՝ իր թիմն արդեն ձևավորվե՞լ է։
Թովմասյանը նշեց, որ հիմա ակտիվ բանակցությունների մեջ են թե՛ Սփյուռքի ներկայացուցիչների, թե՛ տարբեր ՀԿ-ների հետ։ Ասաց, որ ավելի ուշ կհայտարարեն, թե ովքեր են իրենց թիմի անդամները։
«Հազարավոր նամակ-առաջարկություններ ենք ստանում մարդկանցից, որոնք իրենց ցանկությունն են հայտնում մեր նոր քաղաքական ուժին միանալու համար։ Փորձում ենք անել ամեն հնարավորը, որ չսխալվենք թիմակիցներին հավաքագրելու գործում, և դա երեք կամ հինգ օրվա աշխատանք չէ»,- շեշտեց նա։
Այս օրերին Արտակ Թովմասյանի անվան շուրջ պտտվող մյուս տեղեկությունն այն է, որ նա, երկար տարիներ ապրելով Մոսկվայում, ՌԴ քաղաքացիություն ունի։
Արտակ Թովմասյանը հավաստիացրեց, որ ՀՀ քաղաքացի է, այլ երկրի քաղաքացիություն չունի։