Մարդու իրավունքների պաշտպանը մեդիա ոլորտի մասնագետների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը. դրանք առկա տեսքով չեն կարող ընդունվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
«Մարդու իրավունքների պաշտպանը փետրվարի 9-ին մեդիա ոլորտի մասնագետների և մասնագիտացված ՀԿ ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը։
Ըստ քննարկման արդյունքների՝ նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։ Հակառակը՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով:
Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Նախագիծը մասնագետների հետ պատշաճ չեն քննարկվել, դրանք չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքների համաձայն՝ Պաշտպանն իր պաշտոնական կարծիքը կամփոփի, դրանում հաշվի կառնվեն քննարկման արդյունքները ու կներկայացնի Ազգային ժողով»,-ասված է հաղորդագրության մեջ, որին կցվել են նաև հանդիպման արդյունքում ներկայացված մտահոգություններն ու դիտարկումները։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ օրենսդրական նախագիծ են ներկայացրել ազգային ժողով, որում առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։ Մասնավորապես, առաջարկվում է արգելել տեղեկատվական հարթակներում այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որտեղ հղում է արվում անանուն աղբյուներին։