Իրանի և Ռուսաստանի զորավարժությունները, որոնք տեղի կունենան փետրվարի կեսերին, ուղղված են Հնդկական օվկիանոսի անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբոլլա Սայարիի հայտարարությունը:
«Վարժանքները Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անվտանգության ապահովմանն են ուղղված»,-նրա խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:
«Իրանի ՌԾՈւ-ն (Ռազմածովային ուժերը) սարքավորումների, անձնակազմի թվաքանակի, տակտիկական մշակումների, հրամանատարության, կապի և տեխնիկական նորարարությունների հասանելիության տեսանկյունից աշխարհի խոշորագույն ռազմածովային ուժերի շարքում են»,-հավելել է նա:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններն են անցկացվել: Թեհրանի և Մոսկվայի մասնակցությամբ նոր զորավարժությունները տեղի կունենան փետրվարի կեսերին: