Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա, «Al-Jazeera»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ-ը չի արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստին։
«Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Միրզոյանը։
Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի էր անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում: Կազմակերպությունն այդ մասին հայտարարել էր ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե չստանա հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ իր բարձրացրած հարցերի պատասխանները: