Հայկական կողմն իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հավաստել են, և մենք մի քանի անգամ հաստատել ենք, որ երկրների միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և սահմանի հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, «Al-Jazeera»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա փաստաթուղթ է, որն ստորագրվել է նախկին Խորհրդային Միության տասնմեկ Սոցիալիստական Հանրապետությունների կողմից՝ 1991 թվականին, և այս փաստաթղթում այդ հանրապետություններն արձանագրել են, որ Սոցիալիստական Հանրապետությունների միջև նախկին վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես արդեն անկախ պետությունների միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ»,- ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն և սահմանազատում՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն:
«Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում նույնպես պետք է հղում արվի Ալմա-Աթայի հռչակագրին: Սա սկզբունքներից մեկն է, և եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը»,- ասել է Միրզոյանը։