2016 թվականին ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների արդյունքում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ամառվա ընթացքում տեղի է ունենում «Սասնա ծռեր» խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա, որը Սերժ Սարգսյանն օգտագործելով, ադրբեջանական կողմին տված խոստումը հետաձգում է մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև, այսպես կոչված, մինչև իշխանության «տրանզիցիա»։ Բայց, այդ մարդը բազմաթիվ խոստումներով տալով, ստեղծելով այդպիսի բեռ ՀՀ-ի համար՝ լքում է պաշտոնը և հետո հայտարարում, որ ինքը պատրաստ էր ինչ-որ քայլերի»,- նկատեց Արմեն Գրիգորյանը։
Մինչդեռ, ըստ պաշտոնյայի, Սերժ Սարգսյանի ստեղծած փակուղու պատճառով մեր երկիրը կանգնել էր լուրջ խնդիրների առաջ։
Հարցին՝ դրանք տարածքները հանձնելու մասին խոստո՞ւմներ էին, Անվտանգության խորհրդի քարտուղարն արձագանեց, որ այդ հարցի պատասխանը հստակ տալ կարող է միայն Սերժ Սարգսյանը։
Դիտարկմանը, թե երրորդ նախագահի տված խոստումները գոհացրե՞լ են Ադրբեջանին, Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե եթե պատերազմը հակառակորդը դադարեցրել է, ուրեմն՝ այդ խոստումներն իր շահերից է բխել։
Հիշեցնենք՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ իրենք երբեք չեն բանակցել այն բանի շուրջ, թե Հայաստանը ինչ է տալու, այլ բանակցել են այն բանի շուրջ, թե Հայաստանն ինչ է ստանալու: