Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է, թե վաղը կայանալիք հանրահավաքին ինչ հարցեր է քննարկելու:
Կրկին շեշտելով, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ նա ընդգծել է.
«Ժողովրդական, քաղաքացիական, սահամանադրական իրավունքը և կարգը պաշտպանելու հաստատակամությունն ի ցույց դնելու մեջ է վաղվա հանրահավաքի իմաստը: Այս պարագայում էլ փորձ է արվում էլի լարումներ ստեղծել, կրկին քաղաքացիական բախումների, նոր մարտի 1-երի մասին: Մենք ասել ենք, որ Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու և չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ: Հայաստանում Մարտի 1-ի էջերը փակված են այն առումով, որ նման դեպքերի կրկնությունը բացառվում է: Վաղվա հանրահավաքի մասնակցությունը մեր բոլորի հենց այդ հաստատակամությունը պետք է ի ցույց դնի»,-նշեց նա՝ հավալելով, որ իրենք Հայաստանում թշնամիներ չունեն:
«Անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրենց դիրքորոշումից՝ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են: Մենք մեր հաստատակամությունը պետք է ի ցույց դնենք, որ որևէ պարագայում Հայաստանում քաղաքացիական բախումներ, առավել ևս՝ «Մարտի 1»-եր չեն կարող լինել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղն անդրադարձ կկատարի նաև Մարտի 1-ի գործով դատավարությանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, ռազմական հեղաշրջման փորձին:
«Անդրադարձ կանեմ նաև Հանրապետության նախագահի երեկ կայացրած անհասկանալի որոշմանը, և ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, որևէ օրինական հենք չունի: Սա շատ կարևոր խոսակցություն է, այդ արձանագրումից հնարավոր է որոշակի հետևություններ արվեն»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում