Մի քանի հ/կ-ներ, որոնց թվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, ինչպես նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ն, հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով հետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս արձանագրում ենք, որ նախագահի առարկությունները չեն պարունակում իրավական հիմնավորումներ, հակասում են իր իսկ նախկին գործելաոճին և ապավինում են ոչ թե ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ ԳՇ ղեկավար կազմի մի մասի հակասահմանադրական հայտարարությանը։
Պատկերն ամբողջականացնելու համար հարկ է հիշեցնել, որ սա Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության խախտման արձանագրված առաջին դեպքը չէ: 2000-ականներին նա տարիներ շարունակ խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանադրությունը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ 2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի հակակոռուպցիոն կարևոր կարգավորումը. նշանակվելով դեսպան՝ չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր: Այս հանգամանքներին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ անդրադարձել են 2018 թվականի փետրվարի 13-ի և մարտի 5-ի հայտարարություններում։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս Ազգային ժողովից պահանջում ենք նախաձեռնել իրավիճակից բխող քայլեր` հանրապետությունում սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ: Միաժամանակ, մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ որևէ կերպ չի կարող խաթարվել ժողովրդի` ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը, և որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է»: