«Իրավունք» թերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը: Խնդիրն այն է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հայաստանի սահմանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահների կողմից լիարժեք պաշտպանվում է: Բայց ո՞րն է Հայաստանի սահմանը, ըստ փաշինյանական մարզպետի, թերևս սա հարցերի հարցն է:
Տեղացիներն անհանգստացած են, որ սեղանին է դրվելու անկլավները հանձնելու հարցը, իսկ պաշտոնատար անձինք էլ ներկայացնելու են, թե դրանք Հայաստանի Հանրապետությանը չէին և էլի վկայակոչելու են ինչ-ինչ քարտեզներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: Նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա: Որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաեւ Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաեւ վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլեւ Թուրքիայից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է վերացնել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Երեկ կառավարությունը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ է ներկայացրել։
Հիշեցնենք, որ սույն օրենքի 48.1 հոդվածի համաձայն՝ Երեւանի գլխավոր ճարտարապետին նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը: Նույն նախագծով առաջարկվում է ավելացնել քաղաքապետի տեղակալի եւս մեկ հաստիք, որը կիրականացնի այդ աշխատանքները»:
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր: Նրանց միջեւ զրույցը բավականին սուր բնույթ է ունեցել, ասում են` Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ տալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը՝ չդիմել ՍԴ, երեկ շիկացրեց իրավիճակը, եւ Բաղրամյան պողոտայում գտնվող ընդդիմությունը որոշեց շրջափակել Ազգային ժողովը՝ որպես հակազգային ու հակապետական կառույց, ու թույլ չտալ, որ պատգամավորները մտնեն խորհրդարան, շարունակեն իրենց գործունեությունը։ Հաշված րոպեների ընթացքում ահռելի քանակությամբ ոստիկաններ բերվեցին Բաղրամյան պողոտա եւ Դեմիրճյան փողոց։
Իշխան Սաղաթելյանն արձանագրեց․ «Մեր երկրում նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ՝ հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու, դա մեր բնական իրավունքն է»: