Հայաստանում նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, 20 քննիչներ ժամանակավորապես կնշանակվեն ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ:
Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո փոփոխություններ են կատարվել:
Բադասյանի խոսքով՝ իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, իսկ ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի։
«Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբ կձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտե: Որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում»,- ներկայացրեց նախարարը։
Նախագիծը փոփոխություններով ստացավ դրական եզրակացություն, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: