Իտալիան կվերացնի ֆիլմերի՝ բարոյական և կրոնական հիմքերով գրաքննությունը։ Կինոգործիչներն իրենք կորոշեն, թե որ տարիքային լսարանի համար են նախատեսված իրենց ստեղծագործությունները:
Գրաքննության մասին օրենքն Իտալիայում հայտնվել է կինեմատոգրաֆիայի արշալույսին: 1944 թվականից ի վեր գրաքննվել է 274 իտալական, 130 ամերիկյան և 321 կինոնկար այլ երկրներից, գրում է The Guardian-ը:
«Վերջապես դադարեցվել է վերահսկողական համակարգը, որը դեռ պետությանը թույլ է տալիս միջամտել ռեժիսորների ազատությանը»,- ասել է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Այժմ Իտալիայում հնարավոր չէ արգելել ֆիլմի թողարկումը կամ պահանջել դրա վերամոնտաժումը՝ բերելով բարոյական կամ կրոնական պատճառներ: Փոխարենը կինոգործիչները ֆիլմերը կդասակարգեն՝ ըստ հանդիսատեսի տարիքի:
Նրանց որոշումը կվավերացվի 49 հոգուց բաղկացած հատուկ հանձնաժողովի կողմից: Այն ընդգրկելու է կինոարտադրության ոլորտի ներկայացուցիչներ՝ պրոդյուսերներից մինչև ռեժիսորներ, ինչպես նաև կրթության, երեխաների ու կենդանիների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված անձինք: